AM
22 July 2023 - 10:23 AMT

«Հայաքվեին» միացել է 38,500 քաղաքացի

«Հայաքվեի» վերջին ամփոփ տվյալներով` ստորգրահավաքին միացել է 38,500 ՀՀ քաղաքացի։ Այդ մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով 19,870 քաղաքացի ստորագրահավաքին միացել է Երևանում, 18,010 մարզերում, 620 քաղաքացի` էլեկտրոնային ստորագրությամբ, գրում է Sputnik Արմենիան։

Չալաբյանը շեշտել է` անցնող շաբաթվա ընթացքում «Հայաքվեի» տեմպն ավելացել է, սակայն խնդիրներ կան էլեկտրոնային ստորագրահավաքի հետ կապված։

«Հազարավոր քաղաքացիներ զրկված են էլեկտրոնային ստորագրահավաքին միանալու իրենց սահմանադրական իրավունքից, որովհետև այդ համակարգը ԷԿԵՆԳ–ը, ՀՀ–ից դուրս արգելափակված է, չի աշխատում։ Մենք հարյուրավոր նամակներ ենք ստանում արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներից։ Մարդիկ գրում են, և մենք խնդիրը չենք կարողանում լուծել, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեղծում է, պնդում է, որ ԷԿԵՆԳ–ն աշխատում է»,– ասել է Չալաբյանը հավելելով, որ այս մասով պատրաստվում են հաղորդում ներկայացնել։

Նա նշել է, որ հուլիսի 18-ին «Հայաքվեին» է միացել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի երկարամյա նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, որը նաև ունի ՀՀ անձնագիր։ Ընդ որում, ստորագրությունից հետո Ռոշբլուան հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Չալաբյանը դիմեց վարչապետին ասելով միգուցե Ռոշբլուայի քայլը ուղերձ է նրա համար։

«Պարո՛ն Փաշինյան, գուցե ժամանակն է, որ Դո՞ւք էլ միանաք «Հայաքվեին»։ Գուցե ժամանակն է, որ Դո՞ւք էլ հասկանաք դիմադրելու փոխարեն պետք է «Հայաքվեն» օգտագործել որպես կռվան բանակցային այն փակուղուց դուրս գալու համար, որի մեջ մտցրել եք մեր երկիրը»,– ասել է Չալաբյանը։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաքվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։ Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։

Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։