AM
22 July 2023 - 10:49 AMT

Օսկանյան․ Փաստաթղթի ստորագրվելուց հետո Արցախն իր 120,000 բնակչությամբ ամբողջությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակած հերթական տեսանյութում հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը տանելու է նրան, որ փաստաթղթի ստորագրվելուց հետո, փաստորեն, Արցախն իր 120,000 բնակչությամբ ամբողջությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ։ Նա պնդել է իր ավելի վաղ հայտնած տեսակետը՝ բանակցությունների օրակարգում հայկական պահանջի կետ մտցնելու մասին։

Նա նշել է, որ եթե երկխոսությունը սկսվի փաստաթուղթը ստորագրելուց հետո, կարելի է արդեն համարել, որ Արցախի հարցը փակված է։

«Խոսակցությունները, թե Բաքուն և Ստեփանակերտը երկխոսություն են ունենալու և այլն, ձևականություն են, որոնց միջոցով փորձում են թոզ փչել ժողովրդի աչքին»,- ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Օսկանյանի խոսքով՝ Փաշինյանի գործողությունները գուցե կարող են միայն լավ հարաբերություններ ստեղծել իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, բայց անիրատեսական է տեսակետը, որ այն երբևէ կարող է խաղաղություն բերել Հայաստանին։ Այս առումով, նա կրկնել է իր տեսակետը, որ Փաշինյանը որևէ իրավասություն չունի Արցախն Ադրբեջանին հանձնելու։

«Ինքն ուզում է տալ մի բան, որն իրենը չէ, ուզում է տալ մի տարածք, որը հազարամյակներ պատկանել է Արցախի ժողովրդին։ Այդ տարածքը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և նույնիսկ սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ։ Ինքն ուզում է տալ մի տարածք, որը նախկին 30 տարիներից ավելի ժամանակահատվածում եղել է անկախ քաղաքական միավոր»,- ասել է նա։

Օսկանյանի գնահատմամբ՝ փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը մտնելու է երկարատև անկայունության մեջ, որից դուրս գալը շատ բարդ է լինելու։ Նրա խոսքով՝ բանակցությունների օրակարգի այլընտրանքի իր առաջարկն իրատեսական է։ Ըստ նրա՝ այդ ուղղությամբ արդեն իսկ արձագանքներ է ստացել ՀՀ-ից, Արցախից ու արտերկրից։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։