ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին հուլիսի 22-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են հայ-իրանական ընդգրկուն օրակարգին առնչվող մի շարք հարցեր:
Միրզոյանը հույս է հայտնել դեսպանն իր գործունեությամբ կարևոր ներդրում կունենա երկու բարեկամ և հարևան երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման հարցում:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել գործադրել առավելագույն ջանքերը երկու երկրների՝ պատմական և քաղաքակրթական հիմքերի վրա անխափան կերպով ընթացող հարաբերությունների առավել խթանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են դինամիկ զարգացող հայ-իրանական քաղաքական երկխոսությունը՝ կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը: Անդրադարձ է կատարվել երկկողմ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցության խորացման և իրականացման փուլում գտնվող ու նախանշված ծրագրերի կյանքի կոչման աշխատանքներին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություների կարգավորման շուրջ վերջին քննարկումներին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմի ջանքերն ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, որը շահեկան կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Երկուստեք շեշտվել է առկա խնդիրները խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով կարգավորելու մոտեցումը:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը:
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։