Նատալյա Արզաքանցյանը (Ռոտենբերգ) Երևանի ավագանու ընտրություններում չի գլխավորի «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը։ Այդ մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
«Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանը։
Արզաքանցյանը կուսակցության Ավագանու ցուցակի երկրորդ համարն է։
«Նատալյա Արզաքանցյանը որոշել է, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը պետք է գլխավորի հայուհի։
Նատալյա Արզաքանցյանը նպատակահարմար է գտնում աշխատել թիմում` ի շահ Երևանի և երևանցիների, ապահովել մեր երազանքների մայրաքաղաքի առաջընթացը»,-ասվում է հայտարարության մեջ։
Նելլի Հարությունյանը տասնամյակներ շարունակ աշխատել է իրավապահ համակարգում։ Նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ։ Եղել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետը, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետը։ Մինչ օրս «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի իրավախորհրդատուն է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է: Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։