Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել իտալական La Repubblica պարբերականին, որտեղ նշել է, որ Ադրբեջանի քաղաքականությունը նույնն է, ինչ 30 տարի առաջ՝ նա ցանկանում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը։
Նա նաև նշել է, որ ոչ մի հայ երբեք չի ցանկանա ապրել այսպիսի Ադրբեջանում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարված են։
Հարցազրույցի ընթացքում նախագահն անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում առկա հիմնախնդիրներին և ընդհանուր իրադրությանը: Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բովանդակության և ղարաբաղյան շարժման մեկնարկի վերաբերյալ:
Իր խոսքում նախագահը նշել է. «Երեսուն տարի առաջ իրավիճակը նույնն էր, ինչ այսօր, վտանգված է հայության գոյատևումը։ Պատերազմ չէր լինի, եթե չլինեին 1988-ին Սումգայիթի և 1990-ի Բաքվի ջարդերը, որոնք կազմակերպված էին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Արդյունքը եղավ այն, որ ոչ Սումգայիթում, ոչ Բաքվում այսօր ոչ մի հայ չի ապրում։
Այսօր Ադրբեջանի քաղաքականությունը նույնն է: Նա ցանկանում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը: Նրանց իշխանությունը հայտարարում է, որ իրենց համար Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս գոյություն չունի, քանի որ այն լուծվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում, չնայած այն հանգամանքին, որ մեր 120 հազար հայրենակիցներ այսօր էլ ապրում են այդ տարածաշրջանում։ Բաքուն պնդում է, որ նրանք պետք է ապրեն ադրբեջանական օրենսդրության համաձայն, կամ պետք է հեռանան: Նրանք լավ գիտեն, որ ոչ մի հայ երբեք չի ցանկանա ապրել այսպիսի Ադրբեջանում, որտեղ մարդու իրավունքները ոտնահարված են, ժողովրդավարության արժեքները չեն գործում և բացի դա, որպես հայ իրենք մշտական վտանգի տակ են։ Չնայած խաղաղության պայմանագիր կնքելու և փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մեր պատրաստակամությանը, Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ դիրքորոշում ունենալ»:
Պատասխանելով Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լրագրողի հարցին Հանրապետության նախագահը շեշտել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կեղծ բնապահպանական ակտիվիստները լիովին կեղծ պատրվակներով արգելափակել է Լաչինի հումանիտար միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչության համար ստեղծելով հումանիտար ճգնաժամի սպառնալիք՝ սննդի, դեղորայքի պակասի, էլեկտրաէներգիայի և գազի շարունակական խափանումների պատճառով։
Անդրադառնալով ընդհանուր տարածաշրջանային հիմնախնդիրներին Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը լիովին հավատարիմ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ հավասարակշռված ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման դիրքորոշմանը: «
«Մենք ցանկանում ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ, դրա համար էլ մեր կառավարությունը բռնել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհը։ Ես ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունն Անկարայի հետ։ Մենք պետք է ապագային նայենք և տեսնենք, թե ինչպիսի տարածաշրջան ենք ցանկանում թողնել մեր երեխաներին: Մենք պետք է ձգտենք տարածաշրջանային հավասարակշռության ու խաղաղության, ոչ թե պատերազմի»,-ասել է նա։
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։