AM
24 July 2023 - 10:49 AMT

Գոռ Սուջյանն ու Միքայել Ոսկանյանը չեղարկել են համերգը` հաջակցություն Արցախի

Երգիչ Գոռ Սուջյանի և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի մեծ համերգը չեղարկվել է` հաջակցություն Արցախի։ Այդ մասին ասել է երաժիշտ, թառահար Միքայել Ոսկանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Afterparty խորագրով համերգը պետք է կայանար հուլիսի 30-ին կանանց և նորարարության FemInno կոնֆերանսի շրջանակում։

«Կազմակերպիչների հետ որոշում կայացվեց չեղարկել համերգը, բայց ավելի փոքր ելույթները չենք չեղարկի, որովհետև կարծում ենք, որ ակցիաներին զուգահեռ պետք է տարածվի նաև հայկական մշակույթը»,– նշել է երաժիշտը։

Ոսկանյանը տեղեկացրել է, որ ինքն էլ կմիանա ակցիաներին, քանի որ միշտ սատարում է Արցախին ու արցախցիներին։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։