AM
25 July 2023 - 07:21 AMT

Իրանի ԱԳ նախարար. Ալիևը վստահեցրել է` Բաքուն երբեք չի լինելու միջանցք ստեղծելու և ՀՀ ու ԻԻՀ միջև պատմական միջանցքների փակման ջատագով

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած իր զրույցից, հայտնում է Արմենպրեսը։

Նա ասել է, որ Իլհամ Ալիևն իրեն վստահեցրել է, որ Ադրբեջանը չի եղել և երբեք չի լինելու միջանցք ստեղծելու և Հայաստանի և Իրանի միջև պատմական միջանցքների փակման ջատագով:

Նա նշել է, որ զրուցել են տարածաշրջանի գոյություն ունեցող միջանցքների, տարանցիկ կարողությունների և հաղորդակցությունների խոչընդոտների վերացման անհրաժեշտության և երկու երկրների միջև պատմական ու ավանդական՝ միջանցքների համար խոչընդոտ չստեղծելու մասին։

«Ես այսօրվա քննարկումների ընթացքում իմ գործընկերոջը ներկայացրել եմ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Ալիևից լսածն այն մասին, որ Զանգեզուրի միջանցքը նա արծարծում է որպես խոչընդոտների վերացմանն ուղղված քայլ: Ալիևը վստահեցրել է, որ Ադրբեջանը չի եղել և երբեք չի լինելու միջանցք ստեղծելու և Հայաստանի և Իրանի միջև պատմական միջանցքների փակման ջատագով: Մենք էլ ադրբեջանցի պաշտոնատար անձանց բացատրել ենք, որ նույնիսկ ճգնաժամային պայմաններում չենք փակելու Ադրբեջանից Նախիջևան հաղորդակցության ուղին և այդ առումով երկու երկրների միջև կա պայմանավորվածություն»,- ասել է նա:

Նա ասել է, որ Թեհրանը և Երևանը տարանցիկ երթուղիների կարևորության հետ կապված հատուկ ընդգծվածություն ունեն:

Մինչդեռ հուլիսի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ։ «մենք շատ ակտիվ աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի վրա, որը լրացուցիչ երթուղի կլինի Ադրբեջանից դեպի Թուրքիա և Եվրոպա, և շինաշխտանքները Ադրբեջանի տարածքում արդեն 70 տոկոսով արված են։ Այդդպիսով Ադրբեջանի տարածքով կանցնի ոչ միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին, այլև՝ Զանգեզուրի միջանցքը։