Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը, որը հուլիսի 24-ին աշխատանքային այցով ԻԻՀ-ում էր, ասել է, որ Թեհրանը չի ընդունում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն։
Նա նշել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, հայտնում է Factor.am-ը` IRNA գործակալությանը հղումով։
Նշվում է, որ Ռայիսին ընդգծել է տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային խնդիրների լուծման անհրաժեշտությունը։
«Արտաքին միջամտությունը միայն բարդացնում է խնդիրները, և Իրանը, աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, հույս ունի, որ այդ բանակցությունները հնարավորինս կհաստատեն և կամրապնդեն խաղաղությունը, անվտանգությունը և հանգստությունը տարածաշրջանում»,- ասել է Ռայիսին։
Նա նաև ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակի հնարավորինս բարելավման կարևորությունը՝ հավելելով, որ Իրանը որևէ խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար։
Միրզոյանն էլ, գնահատելով Իրանի դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, հայտարարել է, որ Հայաստանը երբեք հարթակ չի դառնա հակաիրանական գործողությունների համար և միշտ կարևորում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ընդլայնումը։ Նա կարևորել է նաև երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը։
Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, Միրզոյանն Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև վերահաստատել Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը: Ընդգծվել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրների լուծման, առավելապաշտական և թշնամական հռետորաբանության բացառման անհրաժեշտությունը:
«Անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է արգելափակման անհապաղ վերացման և Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության էթնիկ զտումը կանխելու հրամայականը»,- ասվում է հաղորդագրությունում»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։