Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթնաժողովի շրջանակում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Քու Դոնգյուի հետ խոսել է ՀՀ պարենային անվտանգության ռազմավարությունից։
Խաչատուրյանը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի, մասնավորապես՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև համարգործակցությունը։
«Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու և փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող թեմաների շուրջ անմիջական քննարկում ունենալու հնարավորության համար։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մեջ նշանակալի բարեփոխումներ են կատարվել, որոնք գլխավորապես արդյունք են ներկայիս կառավարության քաղաքականության և իրականացրած ժողովրդավարական բարեփոխումների։ Այդ ամենի արդյունքում մեր տնտեսությունը դարձել է առավել գրավիչ ներդրումների համար, և մենք շարունակելու ենք շարժվել այդ ուղղությամբ։
Հայաստանի կառավարությունը վերջերս հաստատել է նաև պարենային անվտանգության ռազմավարությունը, որով առաջնորդվում ենք։ Հայաստանը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության ոլորտում թվային և բարձր տեխնոլոգիական նորարարությունների ներմուծմանն ու կիրառմանը։ Մենք նաև այս տեսանկյունից հույս ունենք մեծ ռազմավարական ծրագրեր իրականացնել ձեզ հետ»։
Քու Դոնգյուն իր խոսքում նշել է, որ մեծապես հետաքրքրված է Հայաստանով, Հայաստանի տնտեսական մոդելով և պատրաստակամորեն ջանքեր կգործադրի հայկական արտադրանքի խթանման հարթակներ ձևավորելու ուղղությամբ։ Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ մեծապես կարևորում է գրավիչ ներդրումային միջավայրի առկայությունն ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների կիրառությունը։
Քու Դոնգյուն շեշտել է, որ ՄԱԿ-ի Պարենի գյուղատնտեսության կազմակերպությունը ստեղծում է պայմաններ և համապատասխան միջավայր ներդրումների ու տնտեսական զարգացման համար և դրանով է ներկայացնում իր աջակցությունը։
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է համագործակցության շրջանակների հետագա ընդլայնմանն ուղղված ջանքերի գործադրման կարևորությունը։
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։