Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը չի կարող որոշել ԼՂ ժողովրդի ճակատագիրը։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե հնարավո՞ր է, որ բանակցությունների օրակարգից ԼՂ հարցն ընդհանրապես դուրս գա կամ գուցե հակառակը՝ կարգավիճակի հարցն օրակարգ բերվի։
«Լեռնային Ղարաբաղն ինքը պետք է լինի բանակցությունների կողմ՝ Բաքու–Ստեփանակերտ ֆորմատով միջազգային մեխանիզմի շրջանակում։ Մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում։ Այդ դեպքում ԼՂ–ն կկարողանա ուղղել իրեն հուզող հարցերը, բովանդակություն գեներացնել, ինչպես նաև կրել այդ բովանդակության քաղաքական պատասխանատվությունը, ինչը շատ կարևոր է։ Դա է ճիշտ ճանապարհը»,-ասել է նա։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը շարունակելու է իր պայքարն ինքնորոշման համար և կոչ է արել ՀՀ իշխանություններին ավելի զգուշավոր լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցով իրենց հայտարարություններում
«Ոչ մի երկիր չի կարող զրկել մեզ ինքնորոշման իրավունքից։ Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում։ Ինքնորոշման իրավունքը միջազգային նորմ է, մեր իրավունքը, որը մենք օգտագործում ենք նաև այսօր»,- ասել է Հարությունյանը՝ պատասխանելով Interfax-ի հարցին։