AM
25 July 2023 - 10:16 AMT

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն արդեն հայաստանյան հարթակ ունի

Հասարակական, քաղաքական, փորձագիտական տարբեր շրջանակների մասնակցությամբ շուրջ մեկ ամիս տևած քննարկումների արդյունքում ձևավորվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հայաստանյան հարթակը, ընդունվել է նաև հարթակի հռչակման մասին հայտարարությունը, գրում է Aravot.am-ը։

Շարժման հայաստանյան հարթակի ձևավորումը Ստեփանակերտից ողջունել են «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը և շարժման անդամները՝ այն կարևոր քայլ համարելով Արցախի շուրջ հայության միավորման, ուշադրությունը Արցախի վրա կենտրոնացնելու առումով:

Հարթակի նպատակն է՝

1․Արցախի Հանրապետության շուրջ միավորել տարբեր քաղաքական ուժերի, կազմակերպությունների, նախաձեռնությունների և անհատների, համադրել նրանց ջանքերը,

2․ Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ ներգրավել Սփյուռքի ներուժը, միջազգային ասպարեզում իրականացնել իրավիճակի իրազեկման և տագնապի հնչեցման գործողություններ,

3․ Ստեղծված գոյաբանական ճգնաժամի պայմաններում մշակել Արցախի անվտանգային և զարգացման համապարփակ ծրագիր (ճանապարհային քարտեզ)՝ առանցքում ունենալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը,

4․ Աջակցել Արցախի զարգացման և անվտանգության ճակատի գործունեությանը,

5․ Գեներացնել Հայաստանի, Արցախի և հայկական աշխարհի հետպատերազմյան վերականգնման գաղափարներ:

Հարթակի համադրող Թևան Պողոսյանը նշել է, որ այս հարթակը բոլորին հնարավորություն է տալու համախմբվել Արցախի հարցի շուրջ՝ ընդգծելով, որ շարժումը բաց է նոր գաղափարների և նախաձեռնությունների համար:

Կառույցը բաց է մասնակցության համար բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են միավորվել հայկական, ազատ և անվտանգ Արցախ ունենալու գաղափարի շուրջ:

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։