AM
25 July 2023 - 10:33 AMT

Վարչապետ․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում սկզբում հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն են։

Նա նշել է, որ այս ուղերձով է սկսում ասուլիսը, թեև հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում բարձր էմոցիոնալ ֆոն է ստեղծել։

«Ռազմավարական առումով կարևոր է ընդգծել խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և մեր կառավարության հավատարմությունը այդ օրակարգին»,-ասել է նա։

Նա նշել է, որ Իրանի ու Վրաստանի հետ ՀՀ հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով ու պետք է շարունակեն զարգանալ

Խոսելով տարածաշրջանում ընդհանուր լարված վիճակի մասին՝ Փաշինյանն ասել է, որ աշխարհակարգը, որը համարվում էր կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի, իսկ թե ինչպիսին կլինի նորը, ոչ ոք չգիտի։

«Դրա ձևավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են, իսկ աշխարհաքաղաքական անկայունություններց բխող սպառնալիքները՝ տեսանելի և իրական»,-ասել է նա։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։