Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, անդրադարձավ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որով ողջունվել էր Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Ակնայով (Աղդամ) Արցախին հումանիտար մատակարարումներ անելու մասին, ասել է, որ ինքը նման հարց Բրյուսելում չի քննարկել։
«Ես նման հարց չեմ քննարկել, որովհետեւ չեմ կարծում, որ նման հարց քննարկելու որևէ մանդատ ունեմ։ Իսկ Լաչինի միջանցքի հետ կապված հարցը քննարկելու մանդատ ունեմ, որովհետեւ Լաչինի միջանցքը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի ստորագրողներից մեկը ես եմ։ Հետևաբար, այդ հարթակներում մենք քննարկում ենք միայն Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Լաչինի միջանցքի բացման հետ կապված հարցերը։ Այլ հարցեր ես չեմ քննարկել», հայտնում է Aravօt.am-ը։
Այն հարցին, թե այսինքն՝ Շառլ Միշելի հայտարարության այդ կետը անակնկա՞լ էր իր համար, Փաշինյանը պատասխանել է․ «Անակնկալ չէր ինձ համար, բայց ես նման հարց չեմ քննարկել։ Ես չեմ քննարկել, որովհետեւ ասել եմ, որ ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն, ոչ էլ մանդատ ունեմ։ Ես ունեմ քննարկելու հարց՝ կապված Լաչինի միջանցքի հետ, որովհետեւ Լաչինի միջանցքը ստեղծվել է, այդ թվում իմ ստորագրությամբ։ Եվ մենք ունենք Արդարադատության միջազգային դատարանի որոշում՝ Լաչինի միջանցքով բեռների, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների երթևեկությունն ապահովելու վերաբերյալ»։
Նա հավելել է․ «Իրադրությունը, որը մենք ունենք և այդ իրադրության հասցեագրումն ու կարգավորումը ոչ թե միջազգային հանրությանն է հարկավոր, այլ Հայաստանի Հանրապետությանն է անհրաժեշտ և Լեռնային Ղարաբաղին է անհրաժեշտ։ Ես ուզում եմ, որ մենք սա շատ լավ ու հստակ արձանագրենք, ինչը միշտ չէ, որ անում ենք։ Միջազգային հանրությունը չի կրում այդ տառապանքները, այո, ունի որոշակի պատասխանատվություն, բայց մյուս կողմից, իսկ ո՞վ է ասել, որ միջազգային հանրությանն ավելի շատ է հարկավոր պրոբլեմների լուծումը, քան ՀՀ-ին։ Հարց՝ արդյոք միջազգային հանրությունը դիրքորոշումներ արտահայտո՞ւմ է և քայլեր ձեռնարկո՞ւմ է ԼՂ շուրջ ստեղծված իրադրության հասցեագրման ուղղությամբ։ Այո։ Եվրոպայի խորհուրդը միանշանակ բանաձև է ընդունել այդ առումով, Եվրոպական խորհրդարանը բանաձեւ է ընդունել այդ թեմայով, ԵԱՀԿ մշտական խորհրդի վերջին նիստում բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, միանշանակ դիրքորոշումներ են հայտնել այդ թեմայով։ Արդարադատության միջազգային դատարանը հստակ դիրքորոշում է արտահայտել այդ թեմայով։ Արդյոք այդ ջանքերը բավարա՞ր են, ոչ, այդ ջանքերը բավարար չեն։ Եվ ես դա էլ արձանագրում եմ։ Մի փոքր մոլորության մեջ ենք, որ միջազգային հանրությանն է պետք այն, ինչ մենք կարող ենք անել խնդրի կարգավորման ուղղությամբ»։
«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» անդամները՝ Ասկերանի բնակիչների հետ մեկտեղ, բողոքի ակցիա են անցկացրել Ասկերան-Ակնա ճանապարհին ու բետոնե արգելապատնեշներով փակել այն։ Արցախցիները մտավախություն ունեն, որ միջազգային դերակատարների, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախը կլանելու հերթական ծրագիրը կարող է գործի դրվել։