AM
25 July 2023 - 13:34 AMT

Փաշինյան․ Ինձ համար հասկանալի չեն ԼՂ-ում հնչող դիրքորոշումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել է, թե բանակցային սեղանի շուրջ երբեք չի լսել այնպիսի ուղերձ, թե Ադրբեջանը հրաժարվում է խոսել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների մասին։

«Բայց մյուս կողմից՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի արտահայտվում նման պատրաստակամություն»,- ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, թե իր համար հասկանալի չեն Արցախում հնչող դիրքորոշումները, որոնք բացառում են այդ թեմայով քննարկումները, բանակցությունները՝ Ադրբեջանի հետ։

«Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղից են հնչում ձայներ, որոնք խոսում են երկխոսության անհրաժեշտության մասին»,-ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում լավագույն տարբերակներից մեկն այն է, որ ԼՂ-ն հստակ պատրաստակամություն հայտնի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը Բաքվի հետ քննարկելու հարցում՝ միջազգային մեխանիզմի շրջանակում, հայտնում է Factor.am-ը։

Փաշինյանի կարծիքով՝ հանրահավաքների և ցույցերի ժամանակ հնչում են շեշտադրումներ, որոնք նշանակում են, որ Հայաստանը ինչպես նախորդ 30 տարում, այնպես էլ՝ գալիք տարիներին, պետք է ապրի կոնֆրոնտացիոն ռեժիմում։

«2020թ․ պատերազմից հետո, ինձ լեգիտիմ մեղադրանքներ են ուղղել՝ ինչու այս մասին չեմ խոսել 2018-19 թթ․-ին։ Որպես սեփական սխալներից դաս քաղած մարդ, ասում եմ՝ եթե որևէ մեկն ասում է, որ Հայաստանը պետք է շարունակի ապրել կոնֆրոնտացիոն ռեժիմում, ինքը, ըստ էության, ՀՀ պետականությունը, ինքնիշխանությունը, պետության գոյությունը և անկախությունը դնում կասկածի տակ․․․ 2020 թվականի պատերազմից հետո մենք գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունը և պետականությունը։ Մենք էլ հարվածի տակ ենք դրել՝ ոչ թե վատ մտադրությամբ, այլ լավ։ Այսօր էլ նույն վիճակն է, բայց պետք է հրաժարվենք սրանից»,- ասել է Փաշինյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանը դնել կոնֆրոնտացիոն՝ հակամարտության ռեժիմում, նշանակում է Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը դատապարտել չգոյության։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։