Լիազորությունները դադարեցված դատավորները դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Վերջինս էլ, հաշվի առնելով դատավորների կարգավիճակը և առաջ քաշած հարցերը, որոշում է առաջնահերթություն տալ գործերին, ինչը նշանակում է, որ ՄԻԵԴ-ից վճիռներ սպասվում են ոչ թե 9-10 տարի անց, այլ շատ ավելի կարճ ժամանակահատվածում, հայտնում է «Հետքը»։
2023թ. հունիսի 7-ին ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել ևս 8 դատավորի գործով կիրառել դատարանի կանոնակարգի 40 և 41 կանոնը: Այսինքն՝ գանգատի մասին հրատապ ծանուցել է Հայաստանի կառավարությանը և առաջնահերթություն տվել այդ գործերի քննությանը:
Ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ դիմել են Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանը, Զարուհի Նախշքարյանը, Սիմա Իսկանդարյանը, Ռուբեն Վարդազարյանը, Ալեքսեյ Սուքոյանը, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը և Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանը: Նշված դատավորների լիազորությունները դադարեցվել են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումներով:
Դատավորներ Զ. Նախշքարյանի և Ն. Մխիթարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասել է, որ այդ գործերը ՄԻԵԴ-ում չեն միավորվել, պարզապես հաշվի առնելով գործերի նույնաբովանդակությունը, բոլորի նկատմամբ կիրառվել է նույն կանոնը:
Սահակյանի դիտարկմամբ՝ կան գործեր, որոնցով արդեն սկսվել է կառավարության հետ գրագրությունը: Դրանցից է, օրինակ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի գանգատը: Այս գործին ավելի վաղ ևս տրվել է առաջնահերթություն:
Սիրանուշ Սահակյանն ասել է որ տարաբնույթ հարցեր են ՄԻԵԴ-ում առաջ քաշվել դատավորների գործերով, սակայն ընդհանրությունն այն է, որ ԲԴԽ-ն ոչ օրինական կազմով է գործեր քննել, ունի անկախության պակաս, անաչառության դրսևորումներ չեն եղել, խախտվել են դատավարական երաշխիքները և այլն:
Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ իր կողմից ներկայացվող գործերով առաջ է քաշվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի (Արդար դատաքննության իրավունք) մի քանի խախտումներ և հարցադրումներ են արվել 8-րդ հոդվածի մասով (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք):
Սահակյանը նշել է, որ առաջիկայում ՄԻԵԴ գանգատներ կներկայացվեն նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Հարությունյանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանի անունից: Վերջիններիս լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր նույն օրը՝ 2023թ. հուլիսի 3-ին:
Սովորական պայմաններում, երբ չի կիրառվում գործին առաջնահերթություն տալու կանոնը, Կառավարության հետ հաղորդակցումը սկսվում է գանգատը ներկայացնելուց 3-4 տարի անց: Մինչդեռ դատավորների դեպքում, հաշվի առնելով նրանց կարգավիճակը, ամիսների ընթացքում է սկսվել հաղորդակցումը: