AM
25 July 2023 - 14:51 AMT

Լավրով․ Քննարկման համար մի շարք լրացուցիչ փաստաթղթեր են պատրաստվում

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Լավրովն իր ներածական խոսքում ասել է, որ ցանկանում են օգտագործել առաջիկա հանդիպումը տարածաշրջանի ամենկարևոր հարցերից մեկի՝ Հարավային Կովկասում երկարատև կայունացման հարցը լուծելու համար։

«Վստահ ենք, որ ամենակարճ ճանապարհը ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարումն է։ Մեր ղեկավարների քննարկման համար մի շարք լրացուցիչ փաստաթղթեր են նախապատրաստվում»,- ասել է նա, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նա նշել է, որ ցանկալի կլինի հատուկ ուշադրություն դարձնել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ բարձր մակարդակի պայմանավորվածությունների կատարմանը։

«Պատրաստ ենք ամեն կերպ նպաստել դրան, այդ թվում հարթակ տրամադրելով ստորագրման համար։

Սակայն, կան նաև այլ հարցեր, Լեռնային Ղարաբաղին և դրա հետ կապված ամեն ինչին առնչվող, որոնք կանոնավոր ուշադրության կարիք ունեն։ Նկատի ունեմ հումանիտար իրավիճակը, որն այժմ մեծ ուշադրության և մեկնաբանությունների է արժանանում միջազգային հանրության շրջանում։ Գնահատում ենք, որ մեր ադրբեջանցի բարեկամները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու անհրաժեշտությունը։ Դա կենտրոնական հարցերից մեկն է»,-ասել է Լավրովը։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։