ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում մեկնարկած ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպմանն ասել է, որ եթե Բաքուն չդադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, դա բացասական հետևանքներ կունենա բանակցային գործընթացի վրա։
Նա նշել է, որ Երևանի և Բաքվի միջև բանակցություններն ակտիվ են ընթանում, սակայն դեռևս բազում չլուծված հարցեր կան, այդ թվում՝ Լաչինի միջանցքի հարցը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կառուցողական ենք տրամադրված, բանակցում ենք բոլոր հարթակներում, բոլոր ուղղություններով, սակայն, ցավոք, իրավիճակը հողի վրա, մասնավորապես, Լաչինի միջանցքի ապօրինի փակումն Ադրբեջանի կողմից և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բարդացնում են բանակցային գործընթացը»,-ասել է Միրզոյանը։
Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամ է։
«Իրավիճակը շատ մոտ է իսկական հումանիտար աղետի։ Վիճակը ժամ առ ժամ բարդանում է։ Լեռնային Ղարաբաղ չի մտնում ոչ սննդամթերք, ոչ դեղորայք։ Դադարեցված են գազի և էլեկտրամատակարարումը։ Եվ եթե մեզ չհաջողվի լուծում գտնել, և Ադրբեջանը չդադարեցնի այս շրջափակումը, դա բացասական հետևանքներ կունենա նաև բանակցային գործընթացի համար»,-ասել է նա։
«Եթե մենք չկարողանանք լուծում գտնել և Ադրբեջանը չդադարեցնի շրջափակումը, հողի վրա հումանիտար աղետից բացի, բնականաբար, իր բացասական հետևանքները կունենա բանակցային գործընթացի վրա»,- ասաց Միրզոյանը։
Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի եռակողմ հանդիպմանը Լավրովն իր ներածակն խոսքում ասել է, որ խաղաղության պայմանագրից բացի, կան նաև այլ հարցեր, Լեռնային Ղարաբաղին և դրա հետ կապված ամեն ինչին առնչվող, որոնք կանոնավոր ուշադրության կարիք ունեն։
«Նկատի ունեմ հումանիտար իրավիճակը, որն այժմ մեծ ուշադրության և մեկնաբանությունների է արժանանում միջազգային հանրության շրջանում։ Գնահատում ենք, որ մեր ադրբեջանցի բարեկամները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու անհրաժեշտությունը։ Դա կենտրոնական հարցերից մեկն է»,-ասել է Լավրովը։