Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ, հաշվի առնելով ՌԴ խաղաղապահների զեկույցները ԼՂ-ում վիճակի մասին, «ծայրահեղ ցանկալի է օպերատիվ քայլեր ձեռնարկել, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով, ինչպես նաև կապահովեն անխափան էլեկտրամատակարարում ու գազամատակարարում»:
Դա բխում է տարածաշրջանի բնակիչների, հայերի շահերից, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նա նշել է, որ Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ, շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ կարգավորմամբ՝ ըստ եռակողմ հայտարարությունների, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն ընդունել են 2020, 2021 և 2022 թվականներին:
Խոսել ենք ևս մեկ կարևոր դրույթի մասին՝ տարածաշրջանում անխափան երթևեկության ապահովման, տրանսպորտային, տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման մասին:
Իսկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպմանը Լավրովն ասել է, որ ՌԴ խաղաղապահ առաքելությունը բոլոր հնարավորություններն ունի՝ աջակցելու համար ԼՂ հումանիտար հարցերի լուծմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։