AM
26 July 2023 - 06:58 AMT

Լավրով․ Բաքուն ու Երևանը պատրաստ են «փոխադարձաբար» ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման երաշխիքներ տալ

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին, որ շուտափույթ հանդիպեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ «համաձայնեցնելու համար իրավունքները, որոնք բխում են համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի), ներառյալ բազմաթիվ կոնվենցիաները ազգային փոքրամասնությունների մասին»։

Լավրովն ասել է, որ Բաքուն ու Երևանը պատրաստ են «փոխադարձության սկզբունքով» ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման երաշխիքներ տրամադրել իրենց տարածքներում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ ամենազգայուն հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ ըստ 1991-ի հռչակագրի։

«Հռչակագրի արդյունավետությունը հաստատել է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ՀՀ ղեկավարությունը։ Ըստ այդմ էլ կառուցվում է աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա» – նշել է նա։

Լավրովը հայտարարել է Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու մտադրության մասին։

«Մենք կշարունակենք ակտիվ աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, ներառյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ ևս մեկ գագաթնաժողով անցկացնելու պլանները», – ասել է նա։

Լավրովն ընդգծել է, որ այս փուլում գրանցված արդյունքը եռակողմ աշխատանքային խմբում պայմանավորվածության ձեռքբերումն է` կապված տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցման հետ։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են փորձել վերսկսել երկխոսությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետ-քաղաքագետների միջև, ինչպես նաև հույս են հայտնել խորհրդարանականների գծով եռակողմ երկխոսություն սկսելու մասին:

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։