AM
26 July 2023 - 08:47 AMT

Չալաբյան․ Երեկվանից անցանք անշրջելիության կետը

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անցել ենք անշրջելիության կետը, որից այն կողմ երկիրը բաժանվում է նրանց, ովքեր պատրաստ են հանձնել Արցախը, և նրանց, ովքեր պատրաստ են պայքարել։

«Եթե Դուք դեռևս ներքուստ Ձեզ հարց եք տալիս, թե ինչու է պետք միանալ Հայաքվեին, ապա երեկ պետք է ստանայիք դրա վերջնական պատասխանը:

Երեկվանից մենք անցանք անշրջելիության կետը, որից այն կողմ երկիրը բաժանվում է նրանց, ովքեր պատրաստ են հանձնել Արցախը և ուրանալ մեր ողջ պատմությունը, որպեսզի պահեն սեփական ճղճիմ իշխանությունը և ֆինանսական հոսքերը, և նրանց, ովքեր պատրաստ են պայքարել մեր բոլորիս պատվի և արժանապատվության համար, և վերականգնեն մեր բարի համբավն ու ազատ կյանքի իրավունքը:

Այս երկուսի արանքում, բազմաթիվ չկողմորոշվածներ կան, որոնց վախեցնում են պատերազմով, սպառնում աշխատանքից ազատել, սննկացնել իր բիզնեսը, վնաս տալ իր հարազատներին, որպեսզի նրանք էլ հանձնվեն: Եթե հանձնվեք սակայն, ամբողջ կյանքը ապրելու ենք որպես ստրուկ, որպես պատանդ թուրքական գետտոյում, որի միայն պայմանական անունն է հիշեցնելու, որ այն երբևիցե հայկական պետություն է եղել:

Մի հանձնվե՜ք, և մի մնացե՜ք չկողմնորոշված: Ընտրե՛ք ազատությունը, ընտրե՛ք արժանապատվությունը, ընտրե՛ք պայքարը՝ միացե՛ք այսօր Հայաքվեին, իսկ վաղը պատրաստ եղե՛ք պաշտպանել մեր երկիրը, և վերանվաճել մեր ազատ կյանքի իրավունքը: Հաղթանակը տրվում է քաջերին, իսկ Աստված զորավիգ է լինում հավատով և հույսով մաքառողին»,-ասվում է գրառման մեջ։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։