AM
26 July 2023 - 08:52 AMT

Ստեփանակերտը Երևանից պահանջում է հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարից

Ստեփանակերտը Երևանից պահանջում է հրաժարվել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գաղափարից՝ լինի դա բանավոր, թե գրավոր։ Այդ մասին հուլիսի 25-ի երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված հանարահավաքի ընթացքում հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Արցախի ժողովրդի ճակատագիրը կարող է որոշվել միայն Արցախի ժողովրդի կողմից։ Որևէ մեկը, որևէ իշխանություն Արցախի, Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի անունից լիազորված չէ զիջելու Արցախի ժողովրդի իրավունքները և ընդունելու որոշում՝ Արցախը հոշոտելուն պատրաստ Ադրբեջանի մաս ճանաչելու մասին», հայտնում է «Ազատությունը»։

Պետնախարարը, դիմելով Հայաստանի իշխանություններին, հայտարարել է՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ հնարավոր չէ ապահովել տարածաշրջանի խաղաղությունն ու Արցախի ժողովրդի արժանապատիվ գոյությունը։

«Ավելին՝ դա չի կարող երաշխավորել նույնիսկ Հայաստանի գոյությունը, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրը ոչ թե Արցախն է, այլ ողջ հայ ժողովուրդն ու ազգային պետականությունը», – հայտարարել է Ներսիսյանը։

Արցախի պետնախարարը նշել է, թե Արցախն Ադրբեջանի մաս չճանաչելը չի նշանակի, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։

«Գուցե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել են շատ պետություններ, բայց Հայաստանի Հանրապետությանի դիրքորոշումը կարևոր է այն առումով, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ադրբեջանը, տասնամյակներ շարունակ և հիմա Հայաստանին դիտարկում է որպես Արցախում ապրող հայ ժողովրդի շահերը ներկայացնողն ու իրավունքները պաշպանողը։ Հետևաբար՝ Արցախը Ադրբեջանի տարածք չճանաչելը չի նշանակում, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ», – ասել է Ներսիսյանը։

Երևանի Ազատության, և Ստեփանակերտի Վերածննդի հրապակներում միաժամանակ ընթացող բազմամարդ հանրահավաքների ընթացքում պաշտոնյան հայտարարեց, որ Արցախի ժողովրդի ճակատագիրը կարող է որոշել միայն Արցախի ժողովուրդը։

Գուրգեն Ներսիսյանը պահանջեց, որ Երևանը Հայաստանում հավատարմագրված դեսպանների հրավիի արտգործնախարարություն և ներկայացնի ավելի քան 7 ամիս շրջափակված, 1 ամսից ավելի էլ լիակատար պաշարման մեջ գտնվող Արցախում ստեղծված իրավիճակն ու պահանջի կոնկրետ գնահատականներ ու քայլեր։

«Դիմեք Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ միջնորդելով արտահերթ քննարկում՝ ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման կատարումը և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորումը, միջոցներ ձեռնարկեք ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափ վերադարձնելու ուղղությամբ, Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ միջոցներ ձեռնարկեք Արցախում հումանիտար ճգնաժամը դադարեցնելու, դրա աղետալի ու ծայրահեղ ընթացքը կասեցնելու, Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը ապաշրջափակելու ուղղությամբ», – ասել է Ներսիսյանը։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։