Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակել են Երևանի Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ նրանց չի ընդունել։
Ծնողները նախորդ շաբաթ ևս փակել էին Բաղրամյան–Պռոշյան պողոտան։ Այն ժամանակ նրանք դադարեցրեցին ակցիան` պայմանով, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ նրա աշխատակազմից որևէ մեկն ընդունելություն կկազմակերպի։
Ծնողները հայտարարել են, որ պողոտան փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չեն ընդունել, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մեզ նախորդ շաբաթ խոստացան, որ վարչապետի հետ հանդիպում կկազմակերպեն, բայց խաբեցին։ Մենք ճանապարհը չենք բացելու, քանի դեռ մեզ չեն ընդունել ու մեր հարցերին չեն պատասխանել»,–ասել է անհետ կորած զինծառայողի ծնող Անահիտ Ադոյանը։
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ–մայոր Սևան Քոչարյանը ծնողներին առաջարկել է հանդիպում կազմակերպել ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի հետ, սակայն ծնողները հրաժարվել են։
«Մենք 10 օր առաջ ևս մեկ անգամ հանդիպեցինք Սանամյանի հետ, մենք հոգնել ենք ստախոսներից, 3 տարի է նրանք միայն խոստումներ են տալիս ու մեզ ճանապարհում։ Մենք հանդիպում ենք պահանջում միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,–ասել է անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։
Ակցիայի մասնակիցները կոչ են անում զոհված և անհետ կորած մյուս զինծառայողների ծնողներին միանալ իրենց ակցիային, որպեսզի բոլորի ձայնը լսելի դառնա։
Էջմիածնի «Քիմիկների» զորամասից անհետ կորածների առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։
Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է: