Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ներկայացնելով, թե ինչ է որպես հումանիտար օգնություն ուղարկվում Արցախ, ասել է, որ դա 1-2 օրվա սպառման սնունդ է։ Նա այդ մասին է ասել է «Լուրերի» հատուկ թողարկման ժամանակ։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ ճշգրտվել են պարենի և դեղորայքի անհրաժեշտ տեսակները, կազմակերպվել են դրանց գնումը, պահեստավորումն ու առաքումը դեպի Կոռնիձոր:
Նա նաև հրապարակել է պարենի և դեղորայքի մասով ամբողջական ցանկն ու ծավալը՝ 19 բեռնատարում 60 տոննա շաքարավազ է, 40 տոննա ձեթ, 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 20 տոննա աղ, 40 տոննա կաթի փոշի, 12 տոննա մանկական սնունդ և 9 տոննա դեղորայք:
«Ինչպես տեսնում եք, սրանք ամենաանհրաժեշտ կենսական պարենի տեսակներն են: Ընդհանուր առմամբ, իրականում այս ամբողջ խմբաքանակը 1-2 օրվա սպառման սնունդ է: Իհարկե, սա բավարար չէ, սակայն շատ անհրաժեշտ է առնվազն այս պահին օր առաջ հասցնել Լեռնային Ղարաբաղ»,- ասել է նախարարի տեղակալը:
Նախարարի տեղակալը նաև հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ ՀՀ Կառավարությունը պատերազմից հետո 20-ից ավելի աջակցության միջոցառումներ է կազմակերպել՝ չհաշված տարեկան բյուջետային աջակցությունը, որ ամեն տարի տրամադրվում է Լեռնային Ղարաբաղին:
Աննա Ժամակոչյանը նաև տեղեկացրել է, որ բեռներն ուղեկցում են նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, արտգործնախարարության և առողջապահության նախարարության ներկայացուցիչները՝ անհրաժեշտության դեպքում ճանապարհին հանդիպած խնդիրները լուծելու նպատակով:
ԿԽՄԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած անդադար ջանքերին, չի կարողանում օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ այլ ուղիներով՝ այդ թվում Աղդամով: ԿԽՄԿ հայտարարության մեջ նաև ասվում էր, որ Արցախի բնակչությունը բախվում է կենսական նշանակության դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների պակասին և հիշեցրել, որ վերջին անգամ կազմակերպությանը թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ հասցնել Արցախ մի քանի շաբաթ առաջ։