Հայաստանում հավատարմագրված դիվանագետները և միջազգային կառույցների ներկայացուցիչները հրավիրվել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Նրանց ներկայացվել է Արցախում ստեղծված իրավիճակն ու Հայաստանի ձեռնարկած քայլերը, մասնավորապես՝ հումանիտար բեռի տեղափոխումը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Սաֆարյանն իր խոսքում նշել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակումը և հումանիտար մատակարարումների դադարեցումը, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, հանգեցրել է պարենի, դեղորայքի, վառելիքի և կենսական նշանակության այլ ապրանքների սուր պակասի:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության պարբերական գնդակոծությունների հետևանքով գյուղատնտեսական աշխատանքների խաթարմանը: Ընդգծվել է, որ էլեկտրականության և գազի մատակարարման դադարեցումը հանգեցրել է սոցիալական և առողջապահական ծառայությունների կաթվածահարման՝ ոտնահարելով պաշարված բնակչության հիմնարար իրավունքները, ներառյալ՝ կյանքի, առողջության և կրթության իրավունքը:
Մնացական Սաֆարյանը նշել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի աշխատանքային խմբի կողմից որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղ առաքել առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների մոտ 360 տոննա խմբաքանակ: Կարևորվել է միջազգային հանրության հստակ ազդակն Ադրբեջանին՝ կատարելու ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումները՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով ապահովման վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Աննա Ժամակոչյանն անդրադարձել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ազդեցությանը բնակչության խոցելի խմբերի, մասնավորապես՝ երեխաների, կանանց, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց վրա: Լենա Նանուշյանը ներկայացրել է հումանիտար ճգնաժամի ծանր ազդեցությունը ԼՂ առողջապահական համակարգի վրա՝ անդրադառնալով դեղորայքի և բժշկական պարագաների խորացող պակասին և Ադրբեջանի կողմից մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող հիվանդների՝ Հայաստան տեղափոխման արգելքին:
Մնացական Սաֆարյանը և Էդմոն Մարուքյանը պատասխանել են ներկաների հարցերին և տվել անհրաժեշտ պարզաբանումներ:
Հանդիպման ավարտին դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և միջազգային կառույցների ներկայացուցիչները կատարել են ԱԳՆ շենքի հարակից հատվածում կայանված հումանիտար շարասյան շրջայց՝ ծանոթանալով հումանիտար բեռների խմբաքանակում ներառված ապրանքատեսակներին:
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։