Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 1-ին և 2-ին կմասնակցի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին։
Նրա պաշտպան Ավետ Կարապետյանն ասել է, որ դատարանը բավարարել է Տոնոյանի միջնորդությունը և թույլ է տվել նրան օգոստոսի 1-ին և 2-ին ներկայանալ հանձնաժողովի նիստին, հայտնում է Panorama.am-ը։
«Հանձնաժողովը ևս միջնորդությամբ դիմել էր դատարան, որպեսզի Դավիթ Տոնոյանին թույլատրեն ներկայանալ նիստին։ Նման ցանկություն էր հայտնել նաև պարոն Տոնոյանը»,- ասել է Կարապետյանը։
Տոնոյանը հուլիսի 4-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր: Իսկ մինչ այդ նա առաջարկել էր իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ։ Փաշինյանն արդեն մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին։