AM
27 July 2023 - 07:21 AMT

Արցախի համար հումանիտար բեռը դեռ Լաչինի միջանցքի սկզբնամասում է

Հայաստանի շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, հայտնում է 1lurer.am-ը։

«Ադրբեջանը չի կարողանում իրականացնել Միջազգային դատարանի` իրավաբանորեն պարտավորեցնող հրամանը՝ ապահովելու անարգել մուտքը։ Բացի այդ, Բաքվից հնչեցին անմարդկային և ցինիկ հայտարարություններ, թե «խաղն ավարտված է»,-ասվում է գրառման մեջ։

«Խաղն ավարտվելու մասին» հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա հայտարարել էր, թե Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։

Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը, որը մինչև ուշ երեկո չկա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել։