ՀՀ-ում առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձերը մոտ 60 տոկոսովկբարձրանան։ Գործադիրը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք դատավորների աշխատավարձն առաջին հերթին բարձրացնում են քաղաքացիների համար։
«Կարող են լինել որոշ քննադատություններ, չնայած դատավորների աշխատավարձերը բարձրացնում ենք թոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացումից հետո։ Շեշտեմ՝ դատավորների աշխատավարձը և ընդհանրապես պաշտոնյաների աշխատավարձն առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար, քանի որ քաղաքացիներն են օգտվում այդ պաշտոնյաների ծառայությունից»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում կանդրադառնան Վերաքննիչ դատարանին։
Նա հավելել է, որ պետք է համոզված լինեն, որ Հայաստանում գործում է անկախ դատական համակարգ, ինչը շատ մեծ հարցեր կլուծի։
Փաշինյանը նմանատիպ հայտարարություն էր արել նաև հուլիսի 1-ին՝ դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովին: