AM
27 July 2023 - 11:21 AMT

ԵՄ դիտորդները Կոռնիձորում կմնան, քանի դեռ հումանիտար օգնության հարցը որևէ կերպ չի լուծվել

Եվրամիության դիտորդները, որոնք հուլիսի 26-ից հետևում են Հայաստանից Լաչին տանող ճանապարհի երթևեկությանը, շարունակում են հետևել իրավիճակին Կոռնիձորից։

ԵՄ առաքելության ղեկավարը ասել է, որ առաքելությունը շուրջօրյա ռեժիմով լինելու է Կոռնիձորի սահմանային հատվածում և շարունակելու է մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որևէ կերպ չի լուծվել, հայտնում է 1lurer.am-ը։

Հումանիտար օգնությամբ բեռնված 19 բեռնատար հուլիսի 26-ից Կոռնիձորի սահմանային հատվածում է:

Հուլիսի 26-ին «Լուրերի» հետ զրույցում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ասել էր․ «Մենք այստեղ ենք, որ դիտարկենք` ինչ է տեղի ունենում: Մեր ներկայությամբ ցանկանում ենք այս գործընթացին հանրային տեսանելիություն ապահովել»։

ԵՄ առաքելության Twitter-ի միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ ասվում էր, որ ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը դիտորդների հետ միասին ուշադիր հետևում է Հայաստանից Լաչինի միջանցքի սկզբնամաս տանող ճանապարհի շարունակական երթևեկությանը՝ իրադարձությունների վերաբերյալ առաջին ձեռքից և հավաստի տեղեկատվություններ ստանալու համար։

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։