ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո, ասել է, որ Լեռնային Ղարանաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է։
«Այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետությունում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործխնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ։ Ըստ այդմ, մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել»,-ասել է Միրզոյանը։
Նա նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման խնդիրը մշտապես եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկյունաքարը, և հուլիսի 25-ին Մոսկվայում ու մինչ այդ այլ մայրաքաղաքներում Ադրբեջանի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը բարձրացրել է և շարունակում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը։
«Այն, ըստ էության, արձանագրված է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ առանձնահատուկ կերպով նշված են թե՛ Լեռնային Ղարաբաղ, թե՛ Լեռնային Ղարաբաղի տարածք, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծ հասկացությունները: Նույն եռակողմ հայտարարության յոթերորդ կետը սահմանում է նաև փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչը մինչ օրս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։ Խոսքն այստեղ վերաբերում է, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի, Գետաշենի շրջաններին:
Իհարկե, հայկական կողմն արձանագրում է նաև դեռևս 1988-1991թթ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ վայրերից, մինչ այդ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի իրավունքները, նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրները»,-ասել է Միրզոյանը։
Միրզոյանն արձագանքել է նաև Լավրովի այն պնդմանը, որ «Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ». և պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Երևանը շարունակում է պնդել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմ լինի, թե առանց դրա հանդիպման մասին էր խոսում Ռուսաստանի արտգործնախարարը։
«Տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համատեքստում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։ Բազմիցս ենք ընդգծել, որ այդ հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, իսկ այդ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային ներգրավածության և գործուն մեխանիզմի միջոցով,-ասել է ԱԳ նախարարը։
Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին, որ շուտափույթ հանդիպեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ «համաձայնեցնելու համար իրավունքները, որոնք բխում են համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի), ներառյալ բազմաթիվ կոնվենցիաները ազգային փոքրամասնությունների մասին»։
Լավրովն ասել է, որ Բաքուն ու Երևանը պատրաստ են «փոխադարձության սկզբունքով» ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման երաշխիքներ տրամադրել իրենց տարածքներում: