AM
28 July 2023 - 10:18 AMT

Պաշտպաններ․ Տոնոյանը փակ նիստին մասնակցելու համաձայնություն չի տվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ նա ԱԺ քննչական հանձնաժողովի փակ նիստին մասնակցելու համաձայնություն չի տվել։

Նշվում է, որ Տոնոյանի կողմից ՀՀ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու պայմանը եղել է՝ բաց և հրապարակային եղանակով բացատրություններ տալու հնարավորություն ունենալը:

«Չնայած Քննիչ հանձնաժողովի նախագահի կողմից վերոնշյալ պայմանի շուրջ արտահայտած հստակ և հրապարակային համաձայնությանը, հուլիսի 27-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ հարցազրույցում ասել էր, որ նիստը փակ է լինելու, ինչին իբրև Դավիթ Տոնոյանը տվել է իր համաձայնությունը: Այս կապակցությամբ հստակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը նման համաձայնություն չի տվել, ուստի պատգամավորի կողմից ներկայացված տեղեկությունը ակնհայտ կեղծիք է։

Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ պնդում է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը, կարևորում է դրան ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը և չի բացառում բացի հրապարակային և լուսաբավող ձևաչափից նաև փակ քննարկման հնարավորությունը և անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, Դավիթ Տոնոյանը առաջարկում է զանգվածային լրատվության միջոցներին օգտվել ընձեռված հնարավորությունից և քննիչ հանձնաժողովի անդամների միջոցով իրեն ուղղել իրենց և հանրությանը հետաքրքրող հարցերը։

«ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անհիմն, առանց որևէ ապացույցի մեղսագրվում է 01․08․2003թ․ ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի կատարում, որը Դավիթ Տոնոյանը չի ընդունում։ Նշված քրեական գործով Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 10 ամիս է՝ կրում է ապօրինի կալանք, որը զուրկ է իրավական հիմքից և ունի բացառապես պատժիչ բնույթ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Քննիչ հանձնաժողովին Դավիթ Տոնոյանի մասնակցությունը նախատեսված է օգոստոսի 1-ին և 2-ին։ Ավելի վաղ՝ Քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթից հետո, Դավիթ Տոնոյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայտնելով քննիչ հանձնաժողով ներկայանալու և նույն՝ բաց ու հրապարակային եղանակով բացատրություններ տալու, ինչպես նաև անհրաժեշտություն առաջանալու դեպքում պատերազմի ընթացքի վերաբերյալ քաղաքական զգայություն ունեցող և դասակարգված տեղեկատվության վերաբերյալ Քննիչ հանձնաժողովի անդամների հարցադրումներին փակ նիստում պատասխանելու պատրաստակամության մասին:

Հայտարարվել է, որ Տոնոյանն ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին կգնա ՔԿՀ վարչակազմի 1 ներկայացուցչի ուղեկցությամբ, առանց ձեռնաշղթաների: