Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Կոռնիձորում, դեպի պաշարված Արցախ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարների դիմաց, հայտարարել է, որ մեքենաները շարունակելու են մնալ այստեղ այնքան, ինչքան անհրաժեշտ է։
Նա չի հստակեցրել, սակայն խոսքը օրերի, շաբաթների մասին է կամ գուցե քննարկվել է այլ սցենար, հայտնում է «Ազատությունը»։
«Պիտի փորձենք մեզ հասու բոլոր քաղաքական միջոցներով ապահովել Լաչինի միջանցքի բացումը: Բեռնատարներն այս պահին շարունակելու են մնալ այստեղ», – ընդգծեց փոխարտգործնախարարը
Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ մարդասիրական բեռը պետք է տեղափոխվեր ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով։ Ռուսական կողմից պատասխան դեռ չկա։
«Այս պահի դրությամբ որևէ դրական զարգացումներ, ցավոք սրտի, չկան», – ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները հուլիսի 28-ին այցելել են հումանիտար շարասյան հատված։ Մինչև ճանապարհ ընկնելը բեռնատարները բացվել էին օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ, դեսպանները ծանոթացել էին ապրանքատեսակներին։ Մի շարք երկրների դեսպանատներ արդեն կոչ են արել բոլոր պատասխանատու կողմերին ապահովել Լաչինի միջանցքի անխափան աշխատանքը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան։
Կոստանյանը նաև անդրադարձել է այն հարցին, թե ճանապարհը բացելու հորդորներից բացի, արդյոք դեսպանների հետ քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։
«Մենք բարձրաձայնում ենք Ադրբեջանի նկատմամբ քայլեր ձեռնարկելու կարևորությունը, ինչը թույլ կտա Ադրբեջանին ավելի կառուցողական դաշտ բերել ու անհրաժեշտ է, որպեսզի միասնական ճակատով միջազգային հանրությունը հանդես գա և հստակ ոչ միայն ազդակներ ուղղի Ադրբեջանի իշխանություններին, այլ նաև անհրաժեշտության պարագայում քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան ապահովել Լաչինի միջանցքով հումանիտար բեռի և ընդհանրապես մարդկանց բեռների ու մեքենաների անխափան անցումը», – ասել է Վահան Կոստանյանը:
Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։