ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին Սյունիքում էր, որտեղ տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին»,-ասվում է գրառման մեջ։
Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։