AM
28 July 2023 - 14:14 AMT

Սյունիք այցելած դիվանագետները Գորիսում փակ քննարկման են մասնակցել

Սյունիք այցելած դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները Գորիսում փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի մասնակցությամբ փակ քննարկման են մասնակցել։

Մինչ այդ, Սյունիքի մարզպետ Ռուբերտ Ղուկասյանը դիվանագետներին ներկայացրել է իրավիճակը Կոռնիձորում՝ ավտոշարասյան հատվածում և արդեն 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում, հայտնում է Factor.am-ը։

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները Սյունիք են մեկնել ՀՀ արտգործնախարարության և կառավարության հրավերով, նրանց ուղեկցում է փոխարտգործանախարար Վահան Կոստանյանը։ Հ

Առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում: Հումանիտար օգնությունը ԼՂ տեղափոխելու հարցում դեռ տեղաշարժ չկա, ռուսական կողմը լուռ է։ Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հումանիտար բեռների մուտքը թույլ չտալը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության մտադրություն է որակել։

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։

Ընթերցեք նաև․ ԱԳ փոխնախարար․Փորձելու ենք հասու բոլոր քաղաքական միջոցներով հասնել Լաչինի միջանցքի բացմանը՝ բեռնատարները կմնան այստեղ