2019 թվականից կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մահացել է։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ ՊՆ–ից, հայտնում է Sputnik Արմենիան։
Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում։
Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել։
ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Դատախազությունը հայտնել էր, որ մարզպետի օգնականը կալանավորվել է։
ԶԼՄ–ներում լուրեր են շրջանառվում, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նույնպես ներգրավված է եղել Մխիթարյանին ծեծելու գործում, սակայն մարզպետը վստահեցնում էր, որ ինքն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի։ Սարգսյանը 2019թ-ի սեպտեմբերի 24-ին հայտնեց, որ վայր է դնում Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները։