Ֆինանսների նախկին նախարարի և ՊԵԿ նախագահի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ-ում գտնվող առանձնատան բռնագանձման քրգործի շրջանակներում իրավական օգնության միջնորդություն է ուղարկվել Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Factor.am-ը։
2022 թվականի մայիսին պարբերականը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի իրավապահները Գագիկ Խաչատրյանին և նրա որդիներին՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին պատկանող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթաց են սկսել: Այն գտնվում է Լոս Անջելեսի թանկարժեք առանձնատների թաղամասում: Առանձնատան արժեքը գնահատվում է մոտ 63․5 մլն դոլար․ Խաչատրյանները հենց այս գնով են այն վաճառքի հանել՝ այն դեպքում, երբ, ամերիկյան պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, տունը 2011 թվականին գնել են 14․4 միլիոն դոլարով։ Իրավապահները պնդում են, որ Խաչատրյաններն այս առանձնատունը գնել են կոռուպցիոն ճանապարհով։
«2023-ի հունվարին դատարանում Գագիկ Խաչատրյանը հրաժարվել էր պատասխանել Factor TV-ի՝ առանձնատանը և նրա մյուս կարողությունների վերաբերյալ հարցերին։ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։
Գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրում է նաև ապօրինի ճանապարհով հարստանալու համար։ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 20-ից ավելի անձանցից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում: Բացի այդ, Դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, մասնակցություն իրավաբանական անձ հանդիսացող 33 կազմակերպությունում, նաև ավելի քան 40 միլիարդ դրամ։ Ինքը՝ Խաչատրյանը, Factor TV-ի հետ զրույցում այս մեղադրանքներն անհիմն է համարել»,-ասվում է հրապարակման մեջ։