Fly One Armenia-ի Երևան-Լիոն չվերթը հետաձգվել է ուղևորները նախապես չեն ծանուցվել։ Այդ մասին ահազանգ է ստացվել ուղևորներից մեկից, հայտնում է «Փաստինֆոն»։
Նշվում է, որ պատճառները ոչ ոք հարկ չի համարել ուղևորներին նորմալ ներկայացնել։
Չվերթը նախատեսված է եղել 12։50-ին և օդանավակայան ժամանած ուղևորները տեղեկացել են, որ այն չի կայանալու, ավիաընկերությունից թռիչքի հետաձգման մասին իրենց որևէ տեղեկություն չեն հայտնել։
ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանն ասել է, որ թռիչքի հետաձգումը պայմանավորված է եղել չպլանավորված տեխնիկական ստուգմամբ։
«Նման բաներ ամառային թռիչքային շրջանում մշտապես կարող են տեղի ունենալ՝ բոլոր ավիաընկերությունների հետ։ Վերջին շրջանում, անգամ մեր օդանավակայանում, բազմաթիվ ավիաընկերությունների հետ կապված, նմանօրինակ խնդիրներ լինում են, որովհետև ամառային թռիչքային շրջանն ամենաակտիվ շրջաններից մեկն է։ Չվերթը տեղի կունենա որոշակի ուշացումով, ինչի համար հայցում եմ մեր ուղևորների ներողամտությունը»,- ասել է Անանյանը։
Անանյանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ անսպասելի խնդիր է առաջացել թռիչքից առաջ՝ նշելով, որ խնդիրն արդեն լուծված է։ Թռիչքը կիրականացվի նախատեսված ժամից 6 ժամ 35 րոպե ուշացումով՝ երեկոյան ժամը 19։25-ին։
Ավելի վաղ, սակայն, Fly One Armenia-ի նօրենների խորհրդի նախագահը հավաստիացրել էր, որ ավիաընկերությունն արդեն վաղուց հաղթահարել է աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած որոշակի խափանումների փուլը՝ վստահեցնելով, որ նոր խափանումներ այլևս տեղի չեն ունենում և միայն կոնկրետ հետաձգման մասին հիշատակումից հետո, թերևս, հիշել է, որ հետաձգումները չեն հաղթահարել և այսօր ևս ուղևորներին տհաճ անակնկալ են մատուցել։
Հրապարակման մեջ նշվում է, որ ավիաընկերության աշխատանքում տևական ժամանակ չկարգավորվող խափանումներն ուղևորների մոտ դժգոհության մեծ ալիք էին առաջացրել նաև մոտ 2 շաբաթ առաջ։ Պատճառն այն էր, որ մի քանի օր շարունակ, ավիաընկերության մի քանի չվերթներ հետաձգվել ու չեղյալ էին հայտարարվել։ Առաջացած խափանումները Fly One Armenia-ի տնօրինությունը պատճառաբանել էր տեխնիկական խնդիրների առկայությամբ։ Անանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ այդ խափանումներն առաջացել էին այն բանից հետո, երբ հուլիսի 8-ին Քիշնև- Երևան թռիչքի ժամանակ օդանավի թևի ետնափեղկին թռչուն էր բախվել։
«Չեղարկումների այդ 1-2 դեպքից հետո, թռիչքային գրաֆիկում առաջացած որոշակի շեղումներն այս պահին շտկված են։ Օդանավը շարք է վերադարձվել։
Թռչնի հետ կապված դեպքից հետո, այդ ընթացքում, հետաձգվել էին Ստամբուլ-Երևան, Լիոն-Երևան, Դյուսելդորֆ-Երևան, Միլան-Երևան չվերթները։ Ուղևորները հայտնում էին, որ այդ ժամանակ նույնպես, հետաձգումների մասին ավիաընկերությունից իրենց պատշաճ ձևով չին տեղեկացրել։
Ուղևորների մի մասը հայտարարում էր, որ չվերթների հետաձգման մասին իրենք տեղեկացել էն միայն օդանավակայան հասնելուց հետո։ Որոշ դեպքերում էլ ուղևորներին հաղորդվել էր չվերթի ավելի վաղ մեկնարկի մասին, սակայն, թռիչքն իրականացվել էր նշանակված ժամից մեկ ժամ ուշ։ Այս հետաձգումներով ու չեղարկումներով պայմանավորված մարդիկ զգալի նյութական կորուստներ են կրել, քանի որ շահերը նաև տրանզիտ ամրագրումներ են ունեցել։