AM
29 July 2023 - 11:00 AMT

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ ԳԽ հատուկ խորհրդականին է ներկայացվել Արցախում տիրող վիճակը

Հուլիսի 28-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ, որի ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամը և Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա անմիջական ազդեցությունն ու վտանգները։

Մհեր Մարգարյանը նշել է, որ 2022թ․ դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և միջազգային հումանիտար ներկայության շարունակական մերժումը բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մտադրությունը:

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը տեղեկացվել է, որ Հայաստանից առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ խոչընդոտվել է Ադրբեջանի կողմից:

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրության և ՄԱԿ կողմից վաղ ահազանգման մեխանիզմների գործարկման հրամայականը:

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։