ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին, անդրադառնալով որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգմանն ադրբեջանցիների կողմից, հայտարարել է, որ Լաչինի միջանցքով մարդասիրական գործողություններից առաջ որոշում կայացնող կողմերը տեղեկացված են լինում, թե ովքեր են լինելու տեղափոխվող քաղաքացիները։
Նա հավելել է, որ այս անգամ ևս այդ կանոնն իրենց կողմից լիարժեքորեն պահպանվել է, հայտնում է «Փաստինֆոն»։
Ամատունին նշել է, որ դեպքի մասին տվյալներ փոխանցել չեն կարող։
«Գիտեք, որ կազմակերպությունը բավականին զուսպ է ընդհանրապես, հանրային հարթակում անձանց մասին տվյալների տրամադրման մասով՝ հատկապես նման իրավիճակներում»,- նշել է Ամատունին։
Նրա փոխանցմամբ՝ միջազգային մարդասիրական կազմակերպության աշխատանքի ընթացքում գրանցված ցանկացած խնդիր կոնֆիդենցիալ ձևով հասցեագրվում է համապատասխան որոշում կայացնողներին. հանրային հարթակում որևէ ձևով չեն քննարկվում ու ներկայացվում կազմակերպության անելիքները կամ կողմերի հետ քննարկածի բովանդակությունը։
«Միակ բանը, որ կարող ենք ասել, այն է, որ մեր կազմակերպությունը, Լաչինի միջանցքով մարդասիրական գործողություններ կազմակերպելուց առաջ մշտապես համաձայնության է գալիս նման գործողության վերաբերյալ որոշում կայացնողների հետ։ Տրամադրում է համապատասխան տվյալներ՝ մարդկանց մասին, որոնք պետք է տեղափոխվեն։ Ուստի, առանց դրա մենք չենք սկսում մեր գործողությունները, որն, ըստ երևույթի, միտված է ապահովելու մարդկանց ապահով տեղափոխումը»,- վստահեցրել է միջազգային մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչը։
Որպես բուժառու ՀՀ մեկնող և Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրա գտնվելու վայրի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։
Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել։ Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: