AM
31 July 2023 - 06:56 AMT

Ուսանողները փակել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքը Նրանք վանկարկում են՝ «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին»

ՀՀ տարբեր բուհերի տասնյակ ուսանողներ հուլիսի 31-ի վաղ առավոտից փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքը `ազատություն պահանջելով Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի համար։

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ հավաքված ուսանողները վանկարկում են «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» և պահանջում հանդիպում կառույցի ղեկավարության հետ, հայտնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ Վագիֆ Խաչատրյանի դուստրը, որը նրան ուղեկցում էր ՀՀ և որի աչքի առաջև են հորը առևանգել, հայտարարություն էր տարածել՝ խնդրելովմիանալ իրեն Մակ գրասենյակի, այնուհետև՝ ԿԽՄԿ գրասենյակի մոտ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ,վաղը` ժամը 11:00-ին, լինելու եմ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց, այնուհետև գնալու եմ Կարմիր խաչի գրասենյակ: Խնդրում եմ, աղերսում եմ բոլորիդ միանալ …», – գրել էր նա։

Հուլիսի 29-ին որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Ըստ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված, մոտ 10 րոպե անց «Շևրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգված Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրա գտնվելու վայրի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։

Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել։ Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: