AM
31 July 2023 - 07:41 AMT

Սմբատյանների գործով անցնող գործարարը ևս կալանավորվել է

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և նրա հոր՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության գործով մեղադրյալ, գործարար Արման Պետրոսյանը ևս կալանավորվել է։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է «Ազատությանը»։

Հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով կալանավորվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Ըստ դատախազության՝ Սմբատյանների գործողությունների հետևանքով պետությանը մոտ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը հափշտակվել է։

Դատախազությունը հաղորդել է, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև գործարար Արման Պետրոսյանը, ով ևս հայտնաբերվել և ձերբակալվել է։

Սմբատյանների պաշտպան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում իրավական շիլափլավ է որակել դատախազության ներկայացրածը։

«Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել երևակայության բոլոր սահմաններն անցած «խարդախության» մասին չափածո ստեղծագործությունը, որտեղ անգամ իբր որպես վնաս հաշվարկված 166 միլիոն դրամը էկվիլիբրիստիկ հնարքով ներկայացվում է 966 միլիոն թվի տեսքով, հավանաբար ավելի ահասարսուռ տեսք տալու համար ստեղծագործությանը։ Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել հանցագործության հետ կապ չունեցող մի պատմություն, որին պաշտպանյալներս առհասարակ չեն առնչվել։ Ես չգիտեմ ինչպես մեկնաբանել Հայաստանին ամբողջ կյանքում ծառայած, Հայաստանի անունն ու համբավը բարձր պահած, ստեղծագործող տաղանդավոր մարդկանց հետապնդումը»,-գրել է նա։

Վարոսյանը գրել է, որ իրավական զինանոցում առկա բոլոր հնարավոր միջոցներով խնդիրը բարձրացվելու է հնարավոր բոլոր ատյաններում՝ շեշտելով, որ վաղ թե ուշ արդարությունը վերականգնվելու է։

Հսկող դատախազի 2023 թվականի հուլիսի 27-ի որոշումներով՝ Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), Սերգեյ Սմբատյանի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) և Ա.Պ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն): 2023 թվականի հուլիսի 29-ին Ա.Ս.-ն և Ս.Ս.-ն ձերբակալվել են: Միջոցներ են ձեռնարկվում Ա.Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: