Հուլիլսի 31-ի վաղ առավոտից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքերը փակած ցուցարարները հանդիպել են ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ և ներկայացրել իրենց պահանջները` միջազգային լրատվամիջոցների հետ անցկացնել մամուլի ասուլիս և անհապաղ վերադրաձնել ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա բուժառու Վագիֆ Խաչատրյանին։
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասել է, որ ԿԽՄԿ–ից բողոքի ակցիայի մասնակիցներին բացատրել են, թե ինչու չեն կարող բավարարվել նրանց պահանջները, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մենք բացատրեցինք, թե ինչու ԿԽՄԿ–ն չի կարող բավարարել այդ պահանջները ելնելով իր գործելաոճից։ Փորձել ենք բացատրել, որ մեր աշխատանքը տևական է, ընթացիկ է, ու համաձայն մեր հանձնագրի մենք փորձում ենք կողմերի հետ գտնել հնարավոր լուծումներ, որոնք կկարողանան ապահովել մեր աշխատանքի ընթացքը, որն այս պահի դրությամբ կասեցված է Լաչինի միջանցքում»,– ընդգծել է Ամատունին։
Նա տեղեկացրել է, որ փորձում են լուծումներ ու մոտեցումներ գտնել այն իշխանությունների հետ, որոնք անմիջականորեն պատասխանատու են այս իրավիճակում։ Ըստ նրա` կողմերի միջև երկխոսությունը շարունակվում է, որպեսզի հնարավոր լինի շարունակել մարդասիրական առաքելությունն Արցախում,
«Նշեմ, որ բացի մեզնից, այս պահին ԼՂ–ում որևէ այլ միջազգային կառույց չի աշխատում։ Բուժառուների տեղափոխման հարցը մեր որոշման խնդիրը չէ, դա որոշում են պատկան մարմինները, որոնք գիտեն` քանի մարդ է իրենց մոտ բուժվում, քանիսն ունեն դրա կարիքը։ Կան բուժառուներ, որ հիմա էլ սպասում են իրենց հերթին։ Մենք ընթացակարգերի ճշտման խնդիր ու կարիք ունենք, որպեսզի մեր առաքելությունը կարողանանք շարունակել ապահով պայմաններում»,– ասել է Ամատունին։
Նա հիշեցրել է, որ ԿԽՄԿ–ն չի կարող ու որևէ դեպքում չի աշխատի, եթե չեն ստացել համաձայնություն բոլոր նրանցից, ովքեր այս իրավիճակում որոշում կայացնողների մեջ են։
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ԿԽՄԿ–ն կարող է դիմել աշխարհի ցանկացած ուժային կառույցի` հակամարտության գոտում իր անվտանգ տեղաշարժն ապահովելու համար, Զառա Ամատունին վստահեցրել է, որ իրենք իրենց հանձնագրով ուղղակի իրավունք չունեն դիմելու որևէ զինված խմբավորման կամ կառույցի։
«Մեր նկատմամբ սպառնալիքի դեպքում մենք ուղղակի չենք աշխատում։ Մենք աշխատում ենք միայն դեպքում, երբ գտնում ենք համաձայնություն, հնարավորություն բոլոր կողմերի հետ»,– ասել է նա։
Նա չի մեկնաբանել ադրբեջանական անցակետում ԿԽՄԿ աշխատակցի նկատմամբ տեղի ունեցածը` նշելով, որ բովանդակային մասով այն, ինչ է տեղի ունեցել իրենց աշխատակցի հետ, կոնֆիդենցիալ կերպով անմիջապես քննարկվում է հնարավոր խախտողի հետ, որը պատասխանատու է այս կամ այն իրավիճակի համար։
Զառա Ամատունին անդրադարձել է նաև Բաքվի հիվանդանոցում Վագիֆ Խաչատարյանի հետ ԿԽՄԿ ներկայացուցիչների հանդիպմանը նշելով, որ այդ տեսակցության ժամանակ տրվել է հնարավորություն կապ հաստատելու ընտանիքի հետ։ Ամատունին վստահեցրել է, որ տեսակցության մասին առաջին հերթին տեղեկացնում են ընտանիքի անդամներին, այնուհետեև շատ քիչ տեղեկություններ հայտնում հանրությանը` թե ինչ են նկատել տեսակցությունների ժամանակ կամ ինչի կարիքը կա շտկելու։
Հուլիսի 29-ին որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Ըստ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի` Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված, մոտ 10 րոպե անց «Շևրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգված Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրա գտնվելու վայրի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։
Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել։ Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: