ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ադրբեջանցիների կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստի առթիվ նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև ՀՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովներին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին։
Խմբակցությունը կոչ է արել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Վագիֆ Խաչատրյանի անվտանգ և արագ վերադարձն իր ընտանիք և պատասխանատվության ենթարկել նրա առևանգման պատասխանատուներին՝ համաձայն միջազգային իրավունքի։
Խմբակցության անունից ուղղված նամակում, դատապարտելով միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումը և մարդկության հիմնարար սկզբունքների բացահայտ անտեսումը, նշվում է, որ նման արարքը ոչ միայն ոտնահարում է անմեղ մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, այլև՝ խաթարում է Միջազգային Կարմիր Խաչի կողմից մարդասիրական գործողություններին օժանդակելու գործում ներդրված ջանքերը։
«Ակնհայտ է, որ այս արարքն ուղղված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում հուսահատություն տարածմանը, այլև՝ Կարմիր Խաչի համբավն արատավորելուն և կարևոր մարդասիրական առաքելության իրականացման խոչընդոտմանը»,-ասվում է նամակում։
«Հայաստան» խմբակցությունը նաև հորդորել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին բազմապատկել իր ջանքերը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումը և տարածաշրջանում մարդասիրական իրավունքի ոտնահարման դեպքերը։
Հուլիսի 29-ին որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Ըստ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի` Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված, մոտ 10 րոպե անց «Շևրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգված Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրա գտնվելու վայրի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։
Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել։ Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: