AM
1 August 2023 - 07:55 AMT

Տոնոյան․ Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որևիցե մեկին հայտնի չի եղել

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է ԱԺ-ի 44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի նիստին։

Այն հարցին, թե արդյո՞ք նախապես տեղյակ է եղել 2020 թվականի սեպտեմբերին սկսվող մարտական գործողությունների մասին՝ Տոնոյանը պատասխանել է, որ իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որևիցե մեկին հայտնի չի եղել, հայտնում է Aysor.am-ը։

«Եթե հարցը վերաբերում է այն տեղեկատվությանը, թե ինչքանով է եղել սպառնալի իրավիճակ, ապա, այո՛, սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ եմ եղել՝ իմ փորձի և պաշտոնական տեղեկատվության հիման վրա, որը ստացվում էր պարբերաբար։ Իրավիճակը գնահատվում էր սպառնալի, բայց իրավիճակը, ռազմական գործողությունների սկսման օրը, որևիցե մեկին հայտնի չի եղել»,-ասել է նա։

Նա մեկնաբանել է, թե ինչու է որոշել հիմա մասնակցել նիստին։ Նրա խոսքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը քննիչ հանձնաժողովում իր մոտ հարցեր է առաջացրել։ Դրան հաջորդել է գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հրապարակային պատասխանը, ուստի նաև ինքը հրապարակայնորեն արված հայտարարություններին արձագանքելու կարիք ուներ, հայտնում է Sputnik Արմենիան։

Տոնոյանն ասել է նաև, որ նիստը փակ ձևաչափով անցկացնելու անհրաժեշտություն լինելու է, քանի որ կարիք է լինելու հանձնաժողովի աշխատանքների ճիշտ վերլուծության համար որոշակի տեղեկատվություն տրամադրել, որը կարող է պետական գաղտնիք պարունակել։

«Ես պատրաստ եմ թույլատելի թափանցիկության»,– նշել է Տոնոյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։

Հավելենք, որ Դավիթ Տոնոյանը հրապարակայնորեն դիմել էր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին խնդրելով ներկա լինել հանձնաժողովի նիստին։ Այնուամենայնիվ, նրանք նիստին չեն ներկայացել։ Տոնոյանը մինչ հարցերին պատասխանելը ևս մեկ անգամ դիմեց ընդդիմությանը` խնդրելով կամ գալ նիստին, կամ առնվազն այլևս հրապարակայնորեն չանդրադառնալ իր գործունեությանը։