AM
1 August 2023 - 09:11 AMT

Տոնոյանը հաստատել է Օնիկ Գասպարյանի այն պնդումը, որ զեկուցել է պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ԱԺ քննիչ հանձնաժողովում հաստատել է ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն պնդումը, որ վերջինս ԱԽ-ում զեկուցել է, որ ԶՈւ-ն պատրաստ չէ դիմակայել հակառակորդի ագրեսիային և պետք է պատերազմը կանգնեցնել քաղաքական միջոցներով։

ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը բազմիցս հայտարարել է, որ պատերազմի 3-րդ օրն Անվտանգության խորհրդի նիստում զեկուցել է, որ ԶՈւ-ն ունակ չէ կանգնեցնելու հակառակորդի ագրեսիան և պնդել է, որ անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով։

Տոնոյանը նշել է, որ դրա մասին առաջին զեկույցն ինքն է ստացել։

Անդրադառնալով այդ հարցին՝ Տոնոյանը նշել է, որ քանի որ հիմա անցնում է դատական գործընթացներով, այդ մասով զգուշավոր կխոսի։

«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն եղել է Անվտանգության խորհրդում։ Չգիտեմ, որ մասն է հրապարակել ԱԽ-ն։ Այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես։ Դուր է եկել այդ զեկույցը ինձ, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք ներկայացնել մեր մոտեցումը և վարչապետին, և ԱԽ-ին, քանի որ հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունը, որը մեզ համար տեսանելի էր՝ խոսքը Թուրքիայի մասին է։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել նրա վրա, որ այդ ներգրավումն իրականացվում էր, ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, այլ այսպես ասած «ձիու քայլով»՝ արցախյան թատերաբեմում, ինչը որևէ կերպ հաշվարկված չէր մեր կողմից, այդպիսի հաշվարկ մեր կողմից չի եղել։ Մենք չենք հաշվարկել որ Թուրքիայի զինուժը անմիջապես կարող է հայտնվել Արցախյան թատերաբեմից 45, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։