Մինչ միասնական տոմսային համակարգի ներդրումը, Երևանի ավտոբուսային 2 երթուղում մետաղադրամներ ընդունող նոր սարք է տեղադրվել: Նախկին 100 դրամանոցներ ընդունողի փոխարեն նոր սարքավորումն ընդունում է 50, 100, 200 ու 500 դրամանոցներ և վերադարձնում մանրադրամը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«35 և 74 համարի «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներում նորամուծություն արեցինք. փորձնական տեղադրել են մանրադրամը վերադարձնող սարքավորում, որպեսզի ուղևորները վարորդին գումար չտան: Սա ժամանակավոր լուծում է, մինչև կանցնենք տոմսային միասնական համակարգին»,-ասել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը:
Փոփոխությունն արվել է ուղեվարձի գումարը վարորդին չտալու, նրա ուշադրությունը չշեղելու նպատակով: Կփակցվեն նաև հուշող պաստառներ: Վարորդները խնդրում են ավտոբուսից օգտվել՝ ունենալով մետաղադրամ:
Հանրային տրանսպորտի բարեփոխման ծրագրով բոլոր ավտոբուսներում կներդրվի միասնական տոմսային համակարգ: