Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին, խոսելով սեպտեմբերին կայանալիք ավագանու ընտրությունների մասին, վստահություն է հայտնել, որ երևանցին կկայացնի ամենաճիշտ որոշումը և հաղթանակ է մաղթել «Քաղաքացիական պայմանագրին»։
«Ես համոզղված եմ, որ երևանցին կվերահաստատի 2018 թվականին մեր քաղաքական թիմին տված վստահության քվեն»,- հավելել է վարչապետը:
Փաշինյանն ասել է նաև, որ երևանցին ինչպես եղել է որոշողի դերում, այնպես էլ շարունակելու է լինել որոշողի դերում։
Նա նշել է, որ ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար, ժողովրդավարական և մրցակցային։
Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 17-ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է: Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։