Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարել է, որ անընդունելի է համարում Շուշիի անկման հետ կապված շահարկումները։
Նա առաջարկել է, որ հանձնաժողով հրավիրեն երկրորդ պաշտպանական բանակի հրամանատար Միքայել Արզումանյանին, որը կալանքի տակ է։
«Անհրաժեշտություն կա նրան լսելու։ Կարելի է միջնորդել դատարանին։ Այն շահարկումները, որ հիմա կան Շուշիի հետ կապված, անընդունելի են, և ես կարծում եմ, որ ինքը պետք է խոսի»,-նշել է Տոնոյանը։
Միքայել Արզումանյանը պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը ստանձնել է 2020-ի հոկտեմբերի 27-ին։
44-օրյա պատերազմում Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը՝ Քննչական կոմիտեում նախաքննությունն ավարտվել է։
Նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից տարածքների պաշտպանությունը կազմակերպելիս ծառայողական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկել են Շուշի քաղաքը և նրա շրջակայքը, և մեր ստորաբաժանումները կորուստներ են կրել։