AM
2 August 2023 - 07:47 AMT

Փաշինյան․ Խաղաղություն ոչ միայն կարող է, այլ պետք է լինի, բայց միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի նյուանսներից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է խաղաղությունը հնարավոր, ասել է, որ այն ոչ միայն կարող է, այլ պետք է լինի:

«Դա է իմ մոտեցումը, դա է իմ համոզմունքը և հավատը: Բայց որպեսզի դա տեղի ունենա, նաև կարևոր է, որ միջազգային հանրությունը շատ որոշակի նյուանսներից տեղյակ լինի, որպեսզի հասկանալի լինի, իսկ ինչո՞ւ առաջընթացը բավարար տեմպով չէ:

Ես կարող եմ սկսել նախավերջին մեր բրյուսելյան հանդիպումից, երբ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ մենք Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվեցինք, ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29,800 քմ Հայաստանի դեպքում և 86,600 քմ տարածքային ամբողջականությունը, որից հետո Շառլ Միշելը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, որից հետո, երբ Հայաստանի լրագրողներն ինձ հարցրին դրա մասին, ես հրապարակային հաստատեցի այդ փաստը: Մինչև այս պահն Ադրբեջանի նախագահը հրապարակային չի հաստատել այդ պայմանավորվածությունը: Ճիշտ է՝ չի էլ հերքել: Սա մի նրբություն է, որը որոշակի լրացուցիչ վստահության պակաս է ստեղծում:

Մենք նաև պայմանավորվածություն ունենք, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ դա Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է, հիմնական քաղաքը, պետք է տեղի ունենա երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում: Այդ երկխոսությունը նույնպես մինչև այս պահը տեղի չի ունեցել: Բայց մենք պետք է հետևողականորեն աշխատենք: Ոչ մեկ չի խոստացել, որ հեշտ է լինելու խաղաղության հասնելը: Եթե հեշտ լիներ, վաղուց հաստատված կլիներ խաղաղություն»,-ասել է նա։

Հեռուստաընկերությունը նույն հարցերի շուրջ հարցազրույց է վերցրել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։