AM
2 August 2023 - 08:30 AMT

Միրզոյանը՝ ԿԽՄԿ նախագահին․ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը նենգ և անընդունելի արարք է

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը նենգ և անընդունելի արարք է ընդդեմ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի և միտված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը։

Նախարարը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը, Արցախ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ընդգծել ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղում մուտք ունեցող միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ ԿԽՄԿ գործունեության պատշաճ, շարունակական ապահովման կարևորությունը և դատապարտելի համարել Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը խանգարելուն և հեղինակազրկելուն ուղղված Ադրբեջանի փորձերը:

Հուլիսի 29-ին որպես բուժառու ԿԽՄԿ ուղեկցությամբ ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգվածը Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։

Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել։ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին::