AM
2 August 2023 - 09:05 AMT

Վարչապետ․ Բաքուն պարբերաբար խախտում է եռակողմ հայտարարության դրույթները՝ 33 գերի կար, վերջերս էլ 2 մարդ առևանգվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews հեռուստաընկերության եթերում, պատասխանելով այն հարցին, որ լարվածությունը չի մարել նույնիսկ 2020-ի խաղաղության գործարքից հետո և որոնք են շարունակական մարտական գործողությունների պատճառները, ասել է, որ Բաքուն պարբերաբար խախտում է եռակողմ հայտարարության դրույթները։

Որպես օրինակ նա նշել է, որ, ի հեճուկս եռակողմ հայտարարության 8-րդ կետի, մինչև հիմա վերադարձված չեն գերիները, պատանդները, այլ պահվող անձինք. Հայաստանի Հանրապետությունից, հայկական կողմից մինչ այժմ, մինչև վերջերս 33 գերի կար, վերջերս էլ 2 հոգի առևանգվեցին:

«Պիտի ասեմ, որ այնուամենայնիվ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը խաղաղության պայմանագիր կամ, ինչպես Դուք անվանեցիք, խաղաղության գործարք չէ իր իրավական կողմով: Բայց ոչ այնքան դե յուրե, որքան դե ֆակտո նրա մի շարք դրույթներ կոպտորեն խախտված են, որովհետև, այո, ես Ձեզ հետ համաձայն եմ, որ դա կարող է լինել և է խաղաղության ապագա ճարտարապետության վերաբերյալ որոշակի պատկերացում:

Ցավոք, օրինակ, շատ դրույթներ պարբերաբար խախտվում են Ադրբեջանի կողմից և խախտված են: Դուք Ձեր հարցը նշեցիք՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, և դա հասկանալի է բոլորին: Բայց, օրինակ, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա՝ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սահմանված է «Լեռնային Ղարաբաղ» սուբյեկտի գոյությունը, և Ադրբեջանի նախագահն էլ ստորագրել է այդ հայտարարության ներքո: Ավելին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, և Լեռնային Ղարաբաղն ունի տարածք, որը սահմանված է եռակողմ հայտարարության 7-րդ կետով: Ավելին՝ նույն հայտարարության 7-րդ կետով սահմանված է, որ փախստականները և ներքին տեղահանված անձինք վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո: Ադրբեջանը, ցավոք, մինչև օրս այդ պարտավորությունը և այդ իրավունքը չի ապահովել: Ավելին՝ պատերազմի ընթացքում հայաթափված մի շարք գյուղերում իրականացնում են շինարարական աշխատանքներ, և Ադրբեջանը հայտարարում է, որ այդ տարածքները վերաբնակեցնելու է ադրբեջանցիներով:

Լաչինի միջանցքը, որ էլի սահմանված է Ձեր հիշատակած եռակողմ հայտարարությամբ և որը նպատակ ունի ապահովել Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի Հանրապետության հետ և որի համաձայն, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի ստորագրության, պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ընդ որում՝ Լաչինի միջանցքը ճանապարհ չէ միայն, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, այլ նաև 5 կիլոմետրանոց լայնությամբ տարածություն, ապօրինի կերպով արգելափակված է Ադրբեջանի կողմից»,-ասել է Փաշինյանը։

Euronews հեռուստաընկերությանը նույն հարցերի շուրջ հարցազրույց է տվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ընտրություն կատարեն՝ ապրեն որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կամ հեռանան։ Նա ասել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը մինչ օրս որոշված չէ և դա է գլխավոր հարցը։